ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Ներկայություն ես լինելու ամեն ինչի չափն ու կշիռը սահմանող աստվածային բարձրությունից

Ներկայություն ես լինելու ամեն ինչի չափն ու կշիռը սահմանող  աստվածային բարձրությունից
02.03.2018 | 14:06

2003-ի աշնան մի օր էր, երբ դրեցի Քո մասին պատմող «Մի թողեք ճայերը ծիծաղեն» գրքիս վերջակետը, սակայն, ի տարբերություն Քո այս դրածի, իմի մեջ լուսավոր բան կար` գրքային կյանք էր առնում Քո կյանքի ու ստեղծագործական ուղու մասին պատմությունը, որը լինելու էր մի նոր սկիզբ:


Հակառակ իմի շարունակականությանը` Քո այս վերջակետի մեջ անասելի տխրություն ու ցավ կա, կորստի անդարման վիշտ կա, որքան էլ մեզ մխիթարենք, որ եղածը կեցության մի նոր տեսակի Սկիզբ է ընդամենը, նյութի մի վիճակից մյուսի փոփոխություն: Կներես, սակայն առօրյայի այսքան առօրեական ընկալման մեջ որոշակիորեն դժվար է փիլիսոփայական ընդհանրացումների գնալը, հավատալը, որ մարդը, ով երեկ դեռ քո կողքին էր, կենդանի շունչ ու ներկայություն, արդեն քեզ հետ չէ, ու նրա հետ, եթե նման հարաբերվելն իսկապես ռեալություն է, այսուհետ լինելու է միայն «վերին պլաստներում»:
Հիշատակումովս նորից քեզնից անբաժան չեղա՞:
Բայց իմ մեղքը ո՞րն է, որ Քո կինոներով Դու այնքա՜ն շատ ներկայություն ես, որ Քեզ հետ հարաբերվելու համար դարձյալ Քո կինոլեզվին ենք դիմում` մեր իմացած առօրեականը բաժին հանելով սովորական բաների: Գրում եմ ու մտածում, Դու այդ ի՜նչ զարմանալի երևույթ էիր, Մուշեղիչ, որ չափից ավելի հողեղեն լինելով, այդքան ամպեղեն էիր, այդքան պարզ լինելով` այդքան բարդ էիր, այդքան հզոր լինելով` այդքան անպաշտպան էիր:


Մեր ծանոթությունը սկիզբ առավ «ՈՒրախ ավտոբուսից»: «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի պրեմիերան էր, ես էլ այն ժամանակ կինոյի հետ գործ չունեցող հասարակ մահկանացու, շարքային հանդիսատես: Ավարտից հետո մոտեցա շնորհակալությունս հայտնելու, որովհետև պատվարժան ֆիլմ էր ստեղծված մահաշունչ երկրաշարժ տեսած Քո, իմ, մեր բոլորի Գյումրիի, զարմանալի այդ քաղաքի մարդկանց մասին, ովքեր անտանելի կորստյան ցավն ու մրմուռը տղամարդավարի տանել գիտեն, ովքեր արցունքը հոգուն պահ տված, ապրելու, հարատևելու անհրաժեշտության գիտակցումն ունեն ոչ որպես վերին ճշմարտությունից հանկարծահաս իմաստնացած հանրույթ, այլ որպես «ընտանիքին հայր է պետք, երկրին` տեր» գիտակցմամբ ապրող մարդկանց հավաքականություն, ու որ դա` այդ վերին ճշմարտությունը, նշանակետին խորապես միտված լինի, այս բանաձևումը դրված էր ոչ թե տարիների բերած հասունությունից իմաստնացած ինչ-որ մեկի շուրթերին, այլ հասակ առնող երեխայի, ով պատանեկությունն էլ չի շեմել: Այս կերպ Դու շեշտել էիր ծի՛լ տվող կյանքի գաղափարը ու մանկորեն զարմացել էիր իմ այս մեկնությունից՝ ասելով, որ Դու այդ մասին չէիր մտածել, ու ե՜ս՝ միամի՛տս, ե՜ս՝ Քո համեմատությամբ կինոյի մասին մանկական թոթովախոսությամբ դատելու ունակս, Հայ կինոյի ՄԵԾ ԵՐԵԽԱՅԻԴ բացատրում էի, որ երբ կյանքի, իրողությունների զգայական ընկալման կողքին Քո կինո ներխուժի ուղեղի թելադրանքով պարտադրվածը, այն ժամանակ կինոյում հանգիստ կարող ես փակել նրա «ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆ» էջն ու գնալ մեկ այլ զբաղմունք, կենսակերպ փնտրելու:


Ահեղ պատերազմի տարիներին «ՈՒրախ ավտոբուսի» փոքրիկ հերոսի տարիքի մի պատանյակ էլ Դու էիր, ՎԱՐՊԵ՛Տ, որ այդ տարիներին ապրումներդ վերածեցիր հայ կինոյի հիրավի ոսկի էջերը կազմած «Հին օրերի երգը» ու «Մեր մանկության տանգոն» պատումների` արժեքային համակարգը պայմանավորող այլ բաղադրիչների ու բնութագրումների կողքին ընտանիք, պատիվ, բարոյական հասկացությունների յուրօրինակ արձագանքմամբ ու արծարծմամբ: Պոետիկ կինոյի լեզվով այս խտացումները Քո մանկության տարիների ապրած ժամանակի մասին խոսող Քո` հասուն մարդու պատումներն էին, ու դրանք յուրօրինակ չմարված պարտք էին այդ ժամանակը կազմած, Քո իսկ բառերով ասած «իմ լավ ու բարի մարդկանց»` դառնալով նրանց հիշատակի յուրօրինակ խնկարկում:
ՈՒղիղ ութսունմեկ տարի անց, ճիշտ և ճիշտ Քո ծննդյան օրը, Դու գնում ես Քո այդ մարդկանց մոտ, նրանց հետ կիսատված զրույցդ շարունակելու՝ ասելու այն, ինչը զգացմունքների առատության ու խտության տակ գուցե թե աննկատ է մնացել պատկերաշարիդ տողատակերում, գնում ես սիրո ու խոնարհման մի նոր խոստովանություն անելու:


Մեղսավորներիս այս աշխարհից գնալդ խաղաղ լինի, ՎԱՐՊԵ՛Տ: Քո ամենամեծ քննությունը Դու հանձնել ես գերազանց՝ անմնացորդ ու շռայլ նվիրումով բացվելով հանդիսատեսի առաջ, բացվելով մինչև վերջին կոճակ, մինչև վերջին թրթիռ՝ հոգու խորքում ակնկալելով լոկ մի բան՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ, որի մասին այդպես էլ չբարձրաձայնեցիր՝ վախենալով թույլ կամ թուլացած երևալուց ու այդպես էլ չնկատելով կամ չնկատելու տալով, որ Դու քո նկատմամբ հանրության ունեցած սիրով ոչ թե արդեն իսկ, այլ վաղու՛ց պաշտպանված էիր: Իսկ որ դա իրոք այդպես է, Դու հաստատ ու հաստատ գիտես, գոնե՛ հիմա, երբ ներկայություն ես լինելու ամեն ինչի չափն ու կշիռը սահմանող աստվածային բարձրությունից:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ